Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար
10.12.2019 | 01:55
ԵՎ ԱՅՍՊԵՍ
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատողի նվազագույն աշխատավարձը կկազմի 68000 դրամ նախորդ՝ 55000-ի փոխարեն: Կառավարության այս որոշումը համահունչ է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջին. նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի, բայց պետք է բարձրացվի գնաճին համապատասխան:
Օրենսգրքի պահանջի առաջին մասը բավարարվեց, իսկ երկրորդը դեռ սարերի հետևում է: Մինչդեռ Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բավարար կենսամակարդակի իր և իր ընտանիքի համար», իսկ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը կապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում կլրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով», իսկ 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք»:
Նման իրավունք է սահմանված նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով: Հայաստանի Հանրապետությունը, միանալով նշված միջազգային փաստաթղթերին, պարտավորվել է միջոցներ ձեռնարկել բնակչության բավարար կենսամակարդակի ապահովման համար:
Սակայն առայսօր Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական որևէ ակտով սահմանված չեն բավարար կենսամակարդակի հասկացությունը և այդ իրավունքի իրականացման մեխանիզմները: Պետությունը դեռևս չի սահմանել, թե որն է նվազագույն կենսամակարդակը կամ նվազագույն սպառողական զամբյուղը:
ԻՆՉՈՒ՞ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ 2004 ԹՎԱԿԱՆԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՕՐԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետությունում դեռևս չի կիրառվում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի՝
1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը,
2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս,
3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը,
4) որոշել չհարկվող եկամտի չափը»:
Նույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004-ից, պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող և նրա կողմից հաստատված մեթոդական հանձնարարականների հիման վրա։ Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանար նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար, իսկ նրանց մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» բնութագրող տեղեկատվական զեկույցների «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում ընդգրկված ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվակված նվազագույն զամբյուղի արժեքը 2019 թ. 3-րդ եռամսյակի դրությամբ 1 շնչի հաշվով կազմում է 60394,2 դրամ, որի պարենային զամբյուղի արժեքը կազմում է 34121 դրամ: Նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկելիս հաշվի չեն առնվել բնակչության տարբեր խմբերի՝ աշխատունակ բնակչության, կենսաթոշակառուների և երեխաների նվազագույն պահանջմունքները:
Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նույն ժամանակահատվածի համար 1 շնչի հաշվով կազմում է 43296,7 դրամ, որից պարենային զամբյուղի արժեքը կազմում է 24461,4 դրամ:
Երկու տարբեր մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն զամբյուղները ոչ մի իրավական ակտով սահմանված չեն և չեն կարող հիմք հանդիսանալ նվազագույն ամսական աշխատավարձի չափի որոշման համար:
Հայաստանի Հանրապետությունը, 2004 թվականին վավերացնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 կոնվենցիան, իր վրա պարտավորություն է վերցրել ներդնելու նվազագույն աշխատավարձի սահմանման ընթացակարգ և ժամանակ առ ժամանակ վերանայելու այն:
Նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ նվազագույն աշխատավարձի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն՝
ա) աշխատողների և նրանց ընտանիքների պահանջմունքները՝ ուշադրություն առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կեմսաապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները և այլ սոցիալական խմբերի կյանքի համեմատական մակարդակը,
բ) տնտեսական գործոնները՝ ներառելով տնտեսական զարգացման պահանջները, արտադրողականության մակարդակը և զբաղվածության բարձր մակարդակի ձեռքբերման և պահպանման ցանկալիությունը:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում չեն կիրառվում ԱՄԿ 131-րդ կոնվենցիայի պահանջների համաձայն նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները:
«Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» ԱՄԿ թիվ 135 հանձնարարականի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նվազագույն աշխատավարձի սահմանումը պետք է լինի պետության քաղաքականության բաղադրիչներից մեկը, որը ուղղված կլինի աղքատության դեմ պայքարի և բոլոր աշխատողների ու նրանց ընտանիքների կարիքների բավարարման ապահովմանը, ինչպես նաև վարձու աշխատողների նվազագույն աշխատավարձի թույլատրելի մակարդակների նկատմամբ անհրաժեշտ սոցիալական պաշտպանության տրամադրմանը:
Նույն հանձնարարականի 11-րդ և 12-րդ կետերում նշված է, որ նվազագույն աշխատավարձը ժամանակ առ ժամանակ պետք է վերանայվի՝ հաշվի առնելով կյանքի արժեքը և տնտեսական պայմանները: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել նվազագույն աշխատավարձի չափի վերանայում՝ հաշվի առնելով կյանքի արժեքի գործակցի փոփոխությունը:
Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ուսումնասիրված 99 երկրներից 58-ում (Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ճապոնիա և այլն) նվազագույն աշխատավարձ սահմանելիս հաշվի են առնվում գնաճը և կյանքի արժեքը:
Աշխատողը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ այն բավարարի ոչ թե գոյատևելու, այլ ապրելու համար։
Կառավարությունը 68000 դրամ նվազագույն աշխատավարձը սահմանել է բյուջեի հնարավորության չափով: Բայց արդյոք այն բավարա՞ր է ապրելու համար, եթե նկատի ունենանք, որ նվազագույն զամբյուղի արժեքը կազմում է 60394,2 դրամ: Այս գումարով քաղաքացին ի զորու չէ հոգալու իր ամենապարզունակ կարիքները: Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ շատ դեպքերում ընտանիքի անդամներից աշխատանք ունի միայն մեկը, առաջ է գալիս գոյատևելու խնդիրը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանի խոսքով պետությունը դեռևս իրավական հիմքեր չի ստեղծել աշխատավարձերի իր քաղաքականության համար: Չնայած Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բավարար կենսամակարդակի իր և իր ընտանիքի համար»:
-Ցավոք, պետությունը դեռևս չի սահմանել, թե որն է այդ մակարդակը՝ նվազագույն կենսամակարդակը կամ նվազագույն սպառողական զամբյուղը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կանոնավոր կերպով բարձրացնում է այդ հարցը, բայց, ցավոք, պետությունն այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր չի ձեռնարկում: Իհարկե, դժվար կլինի հենց հաջորդ տարվանից նվազագույն աշխատավարձը հավասարեցնել զամբյուղին: Բայց միանշանակ հնարավոր է նպատակին հասնելու ժամանակացույց կազմել: Այսինքն՝ հայտարարել, որ Հայաստանում կյանքն այսքան արժե, որ պետությունը երաշխավորում է կենսապահովման այդ նվազագույնն աստիճանաբար, 10 կամ 15 տարվա ընթացքում: Այդ ժամանակ մարդիկ կտեսնեն, որ երկրում հեռանկար, կայունություն կա: Իսկ հիմա մեզ մոտ ամեն ինչ իր գինն ունի, բացի ամենակարևորից` կյանքի ու աշխատանքի արժեքից,- ասում է Բորիս Խարատյանը:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն
- «Արվեստագետն ու գիտնականը պիտի համոզվեն, որ թիկունքում պետություն կա»
- «Արհմիություն-գործատու համագործակցությունից կշահեն թե՛ աշխատողը, թե՛ գործատուն ու իր բիզնեսը»
- «Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»
- Երանի թե հայ գյուղացու բոլոր օրերի լուսաբացն ու մայրամուտն ավարտվեն խինդով և ուրախությամբ
- Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման
- «Անհրաժեշտ է կանխել գյուղնշանակության հողերի դեգրադացումը»
- Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից
- Ոչ միայն երազանք, այլև իրականություն
- Տուրիզմով զբաղվելու համար նախ պետք է սիրել հայրենիքը
- Գառնառիճ՝ երեք պետությունների խաչմերուկում ապրող գյուղը
- «Վայել չէ թագավորի և իշխանի համար գողեր և ավազակներ ունենալ, այլ միայն լրտեսներ, որ հետախույզներ են»
- «Արհմիությունների հանդեպ վստահության վերականգնումը պետք է սկսել զրոյից»
- «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը չկարողացավ լուծել ԵՊՀ արհմիության հետ կոլեկտիվ պայմանագիրը»
- Գազատար խողովակները կան, բայց բնակիչը գերադասում է փայտը
- Դիլիջանն իր ռեսուրսներով կարող է ապրել
- Մեղրի եկողը, դեռ չմեկնած, մտածում է հաջորդ այցի մասին
- Տաշտունը 160 ծուխ ուներ, այսօր մնացել է 22-ը՝ 60 բնակչով
- Անտառներով շրջապատված բնակավայրն իր ջեռուցման հարցը լուծել չի կարողանում, օրենքը թույլ չի տալիս
- «Սյունիքի մարզը պատերազմող երկիր է, յուրաքանչյուր փակ դուռ հավասարազոր է պոստի լքման»
Մեկնաբանություններ